Եղնիկը
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Առաջադրանքներ
1 Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։
սաստիկ-ուժգինմ, շառաչ-դղրդյուն, խուժել-հարձակվել, հուժկու-հզոր, հողմածեծ-արվարհալից, անդուլ-անդադար, ուշագրավ-հետաքրքիր, լռիկ-լռակյաց, ջինջ-պարզ, խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով, ոսկեգեղմ-ոսկեգանգուր, մակաղած-գոմերից հեռու փարախ, վերջալույս-մայրամուտ, հանդ-դաշտ։
2 Տեքստից դո՛ւրս գրիր հնգական բարդ և ածանցավոր բառեր։
վերջալույս, պատշգամբ, ուշագրավ, ինքնամոռաց, խորասույզ, անդուլ, անսանձ, անթարթ, փաթաթված, լռիկ։
3 Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։
լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։
Եղնիկը քայլելուց ջուր խմեց լեռնային աղբյուրից, դրսում կան զանգակ աղբյուրներ, մենք անտառում տեսանք դարավոր կաղնիներ, իմ քույրիկի մոտ ջինջ աչուկներ են։
4 Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված 5-7 գոյական (ինչե՞ր, ովքե՞ր հարցերին պատասխանող բառեր)։
երեխաներիս, հոտերի, անտառները, աչքերով, թարթիչների, երազներ, աղբյուրներից, ընկերներից, սարերից,
5 Բացատրի՛ր տրված արտահայությունները։
Աչքերը կայծակին էին տալիս-զայրանում էին
նետի պես ծլկել-արագ անհետանալ
քամի գիշեր-ցուրտ գիշեր
6 Տրված բառակապակցություններում ո՞ր բառերն են գործածված փոխաբերական իմաստով։ Ընդգծի՛ր։
Աշնանային երեկո, հեքիաթային վերջալույս, վառվռուն սարեր, ոսկեգեղմ անտառներ, վճիտ աչուկներ, խարտյաշ եղնիկ, թախծալի կարոտ, դարավոր կաղնի, զգայուն հոգի, վայրի ընկուզենի, անծայրածիր անտառ, զանգակ աղբյուրներ, քամի գիշեր։
7 Բացատրի՛ր համեմատությունները։
Նետի պես ծլկել-արագ անհետանալ
մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:-
լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկներ- պարզ աչքեր
8 Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին
Բնութագրի՛ր եղնիկին։
Եղնիկը բարի էր, մի քիչ վախկոտ, պարզ աչուկներով, մի քիչ ամաչկոտ։
9 Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:
Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
10 Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։
Երբ եղնիկը փախավ, երեխաներս շատ տխրեցին։ Այնքան տխրեցին, որ ուզում էին գնալ անտառ և հետ բերել այդ եղնիկին։ Ես խոստացա երեխաներիս, որ նրանց համար ուրիշ եղնիկ կբերեմ։ Երեխաներս անհամբեր սպասում էին այդ նոր եղնիկին։ Նրանց համար ես բերեցի խաղալիք եղնիկ, այո նրանք այդքան էլ չուրախացան, բայց հավանեցին նվերս։ Այսպես վերջացավ պատմությունը, և ես և երեխաներս երջանիկ եղանք։